Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Այց Լոս Անջելեսի մի հոգեբուժարան

Այց Լոս Անջելեսի մի հոգեբուժարան
11.08.2023 | 07:06

Երբեմն, իսկ հիմա ավելի հաճախ, այնպես է ստացվում, որ աշխարհի լավագույն մարդիկ հանկարծ հայտնվում են գժանոցի պատերի ներսում:

Վերջերս այցելեցի այդպիսի լավագույն մի մարդու, ում հոգեբույժները բնորոշել էին «մահվան վերջնական դեպրեսիա» կլինիկական անվանակարգի ախտանիշի կամ տախտականիշի տակ:

Մինչ հոգեբուժարան մտնելս ճամփից դեղին ծաղիկներ քաղեցի, թաքցրի կարճաթև բաճկոնիս գրպանում, որ պահապանները դրանք չառգրավեն, և մտա շենք: Ամերիկյան փորձովս գիտեմ՝ այցելուներին արգելում են անգամ հետները ընդունարան կապրոնի մեկ շիշ ջուր վերցնել: Հեռախոսս հանձնեցի ու ներս մտա: Ընդունարանից մի դուռ դեպի այգի է գնում՝ բաց երկնքի տակ, սեղանները մաքուր են, ամեն ինչ փայլեցված է, ամեն անկյուն անբասիր է: Մի պահ ցանկացա ինքս կրկին այստեղ հայտնվել: Պալատներ չեն թողնում մտնես, բայց ես արդեն գիտեմ՝ այնտեղ ընկերոջս մոտ ամեն բան կա՝ և՛ լայն մահճակալ, և՛ պատուհան, և՛ լոգարան, և՛ բազում կոճակներ՝ եթե կամենաս օգնության կանչել քո ջղակծկումների բռնկումից առաջ:

Ամերիկա մտնելուցս վեց ամիս անց ես երեք օրով հայտնվել եմ այս դրախտային հոգեբուժարաններից մեկում, որի տեղն անգամ հիմա չեմ հիշում: Նստած սպասում եմ, մեկ էլ ահա ընկերս եկավ: Ելա, գրկեցի, գլուխը համբուրեցի: Նստեցինք սեղանի շուրջ: Ակամա սեղանի տակ մատները բռնեցի և ասի.

- Ինչ սիրուն տեսք ունես այսօր:

Ասաց.

- Որովհետև դու եկար: Ամեն օր արի ինձ տեսնելու:

- Ամեն օր չեմ կարող, բայց երկու օրը մեկ կգամ:

- Խոստացիր:

- Խոստանում եմ:

- Գիտե՞ս ինձ հետ ինչ է կատարվում, երբ մութը ընկնում է... Ես ամբողջ գիշեր սպասում եմ, թե երբ պետք է լույսը բացվի, իսկ երբ լույսը վերջը սկսում է պատուհանից երևալ, ես ավելի եմ ուզում մեռնել... Դու հավատո՞ւմ ես ինձ:

- Այո,- ասում եմ ես:

- Ասա, որ ամեն օր կգաս ինձ մոտ, քանի դեռ ես չեմ մեռել:

- Իսկ ինչու՞ դու պետք է մեռնես, ամեն ինչ լավ է լինելու, դու դեռ դուրս կգաս այստեղից, և մենք միասին գիտե՞ս ուր կգնանք...

- Ո՞ւր...

- Մի հատ գետ գիտեմ, քեզ կտանեմ այնտեղ, վրանը կխփեմ, կոկորդիլոսները կգան ու ինձ ու քեզ միասին հափ կանեն, կուտեն...

Նրա աչքերից արցունքներ են հոսում, ու արցունքների միջից մանկան պես կմկմում է.

- Ամեն օր արի ինձ տեսնելու... Ասա, որ ինձ չես թողնի... Ասա, որ դու ինձ այս աշխարհում երբեք չես թողնի... Ասա...

Վարդան Խարազյան

Դիտվել է՝ 6468

Մեկնաբանություններ